Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ բողոքի քննությունը վարող դատավորին՝ Ռուզաննա Բարսեղյանին, քանի որ Վերաքննիչ դատարանը չկարողացավ ներկայացնել ապացույց, որ մակագրումը տեղի է ունեցել այբբենական կարգով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նա տեղեկացրեց, որ ինչպես Առուշ Առուշանյանի, այնպես էլ Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ բողոքի քննության մակագրումը տեղի ունեցել ձեռքով։

«Մենք երեկ պահանջեցինք, որ իրենք հիմնավորեն, թե ինչու է ընտրվել հենց այդ դատավորը։ Դատարանը երեկվա նիստը հետաձգեց, որ ապացույցը ներկայացնի։ Այսօր ընդամենն ասաց, որ դատարանի նախագահի հետ զրուցել է և հաստատել է, որ մակագրումը տեղի է ունեցել ըստ այբբենական կարգի»,- նշեց նա։

Փաստաբանի խոսքով՝ եթե մակագրումն իրոք տեղի ունեցել այբբենական կարգի համաձայն, ապա պետք է ներկայացվեր համակարգիչ կամ մատյան, որով կատարվել տվյալ նշումը։

«Եթե կար նման ապացույց, ապա ինչո՞ւ չի ներկայացվել։ Վստահ եմ, որ չկար, և եթե չկար, ուրեմն՝ արդեն խնդիր է։ Դա օրենքի խախտում է, և միայն դատարանի նախագահի խոսքը չի կարող բավարար ապացույց լինել, թե իբր օրենքը պահպանվել է»,- հավելեց Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշենք, որ այսօր նույնպես Վերաքննիչ դատարանքը կքննի Մխիթար Զաքարյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ ներկայացրած բողոքը։