Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատախազ Գեւորգ Բաղդասարյանը դատավոր Աննա Դանիբեկյանի բացարկի հիմք առայժմ չի տեսնում։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ նիստը տեղափոխվել է՝ ԱԺ նիստին մասնակցող մեղադրյալ Արմեն Գեւորգյանի բացակայության հետ կապված։

Գեւորգ Բաղդասարյանը բացակայությունը համարում է անհարգելի, եւ նրա կարծիքով՝ ծառայողական պարտավորությունների կատարումը չի կարող բացակայության պատճառ լինել։ Հարցին, թե պատրաստվում է արդյոք դատախազությունը դատավորի ինքնաբացարկ հայտարարել, Բաղդասարյանն ասել է, որ հիմքերի առկայության դեպքում դատախազությունը կանի դա, բայց առայժմ նման հիմքեր չկան։

Դատախազը  Գեւորգյանի անձեռնմխելիության հետ կապված խնդիրներ չի տեսնում, եւ խորհրդարան դիմելու անհրաժեշտություն չկա։ «Արդեն հարուցվել է քրեական գործ, դա անշրջելի գործողություն է։ Նա ներգրավված է որպես մեղադրյալ։ Սահմանադրությունը ենթադրում է խորհրդարանի համաձայնությունը գործ հարուցելու համար, իսկ այն արդեն կա։ Ասենք՝ խորհրդարանը համաձայնություն տվեց, հետո ի՞նչ է լինելու՝ գործն արդեն կա։ Հետեւաբար, չի կարելի համաձայնություն ստանալ արդեն կատարված գործողության համար»,- կարծում է Բաղդասարյանը։ Ընդ որում՝ Գեւորգյանի եւ «Հայաստան» դաշինքի՝ մինչեւ խորհրդարանի աշխատանքն սկսվելը ձերբակալված երկու այլ ներկայացուցիչների հետ կապված իրավիճակը Բաղդասարյանը համարում է միանգամայն տարբեր, իսկ քաղաքական բաղադրիչ դատախազը չի տեսնում։