Եթե անձը հնարավորություն չունի ելույթ ունենանու, դեռ չի նշանակում, որ խախտված իր ընտրելու իրավունքը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Երեկ բոլոր թեկնածուների անունները ներառված էին քվաթերթիկում, իսկ իրենց հենց առաջադրողները չեկան և չքվեարկեցին նրանց օգտին։ Մենք չենք կարող բոլոր պարագաներում երաշխավորել պատգամավորի ընտրելու իրավունքը, որովհետև պատգամավորը կարող է լինել գործուղղման մեջ, հարգելի պատճառով բացակայի, օրինակ՝ կալանավորված պատգամավորների բացակայությունը դիտվում է որպես հարգելի բացակա։ Եթե օրինակ կովիդի թեստը լիներ դրական իրենք, նույնպես չէին կարողանա օգտվել ելույթ ունենալու հնարավորությունից»,- ասաց նա։

Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ կանոնակարգի խախտում կլիներ, եթե երեկ խաթարվեր առաջին նիստի օրակարգի տրամաբանությունը։

«Առաջին նիստն ունի իր հստակ օրակարգը, օրակարգի հարցերի քննարկման հստակ հաջորդականություն կա, և այդ հաջորդականության սպառումից հետո միայն նիստի օրակարգն ավարտվում է»,- ընդգծեց Վարդանյանը։

Ըստ նրա՝ պատգամավորի անձեռմխելիությունը սկսվում է այն ժամանակ, երբ գումարվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանը․ «Նրանք ութերորդ գումարման պատգամավորներ էին, բայց առաջին նստաշրջանը դեռ չէր գումարվել»։