Ես ամենաերկարը աշխատել եմ որպես Երեւանի քաղաքի դատախազ, հետեւաբար մեկնաբանությունները, թե այս գործով (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանի գործը-խմբ) մասնակցելուց հետո սկսեցի ավելի արագ պաշտոն փոխել, ճիշտ չէ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը:

«Խնդրում եմ բացեք իմ կենագրությունը եւ նայեք, թե ինձ մոտ աշխատանքի փոփոխություններ եւ առաջխաղացումներ երբ են եղել, երբ այս քրեական գործի մասին որեւէ մեկը գաղափար չէր կարող ունենալ: Ես 2015-2016 թվականներին առաջխաղացում եմ ունեցել երկու ամիս ինտերվալով»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է  նրան, որ իր հայրը՝ Սուրեն Բաղդասարյանը, օրերս նշանակվեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, դատախազի տեղակալն ասաց. «Ես դրա հետ ոչ մի առնչություն չունեմ եւ չէի կարող ունենալ: Ինձ թվում է՝ տրամաբանությունից դուրս է, որ գլխավոր դատախազի տեղակալը որեւէ ազդեցություն կարող է ունենալ դատարանի նախագահի ընտրության հարցում: Որովհետեւ դատարանի նախագահ ընտրվում է ԲԴԽ-ի կողմից»: