ԱՄՆ-ը երեքշաբթի սկսում է վերջին 40 տարում ամենամեծ ռազմածովային վարժանքները 36 նավերի եւ Ծովային հետեւակի կորպուսի մասնակցությամբ, 17 ժամային գոտիներում։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ Վեցերորդ նավատորմի հրամանատարությունն իր կայքում։
«Large Scale Exercise (LSE) 2021 վարժանքները մեր մրցակիցներին ցույց կտան, որ ԱՄՆ զինված ուժերը պահպանում են մարտունակության բարձր մակարդակը շնորհիվ, այլ ոչ թե ի հեճուկս Երկիր մոլորակի տարբեր անկյուններում ներկայության»,- կարծում է ամերիկյան նավատորմի հրամանատարությունը։ Նշվում է, որ վարժանքները տեղի կունենան 17 ժամային գոտիներում, դրանց կմասնակցեն հինգ ռազմածովային միավորում (նավատորմ) եւ ԱՄՆ Ծովային հետեւակի կորպուսի երեք էքսպեդիցիոն ջոկատ։
Մանեւրներին, որոնք կտեւեն երկու շաբաթ, կմասնակցի 36 նավ, այդ թվում ավիակիրներ եւ սուզանավեր։ Ինչպես գրում է Stars and Stripes թերթը, այդ զորավարժությունները պետք է ցույց տան ամերիկյան զինված ուժերի՝ Համաշխարհային օվկիանոսի միմյանցից հեռու մասերում, այդ թվում Սեւ, Միջերկրական, Հարավչինական եւ Արեւելաչինական ծովերում «միաժամանակ մարտահրավերները հաղթահարելու» կարողությունը։
«LSE 2021-ը կստուգի մեր հրամանատարների հմտությունները տարատեսակ ռազմածովային գործողություններ իրականացնելիս մարտավարական եւ ռազմավարական մակարդակներում։ Մասնակցելու է նաեւ Ծովային հետեւակի կորպուսը, ինչը ցույց կտա մեր նավատորմի հնարավորությունները՝ համատեղ գործողություններ իրականացելու ինչպես բաց օվկիանոսում, այնպես էլ ափամերձ ջրերում»,- ասել են Վեցերորդ նավատորմի հրամանատարությունում։