Նորմալ է, որ ընդդիմությունը քննադատում է իշխանությունների. Ընդդիմության դեմ պետք չի պայքարել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3-ին, Աժ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ի պատգամավոր Արման Եղոյանը:

Անդրադառնալով սահմաններին տիրող իրավիճակին եւ փաստին, որ Ադրբեջանի զինուժը արդեն երեք ամիս գտնվում է ՀՀ տարածքում, նա ասաց. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախկին խորհրդային սահմանի ամբողջ երկայնքով մեր զորքերը եւ Ադրբեջանի զորքերը շատ քիչ կետերում է, որ կանգնած են սահմանի ուղղությամբ: Դեռեւս 1990-ականներից զորքերը Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում կանգնած են այնպես, ինչպես տվյալ տեղանքի լանդշաֆտն է թելադրում երկու կողմերին»:

Եղոյանը հիշեցրեց, որ վերջին երկու հարձակումների դեպքում ադրբեջանական զորքերը հետ շպրտվեցին իրենց ելման դիրքեր եւ կորուստներ եղան երկու կողմերից. «Այո հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ժամանակ առ ժամանակ լինում են կրակոցներ, բախումներ: 30 տարի է, մեր սահմաններն անհանգիստ են, հիմա էլ են անհանգիստ: Ձեր նշած խաղաղ ժամանակներում, այսինքն 1994-ից ի վեր,  Հայաստանի սահմաններին զոհվել է 2500 մարդ»: