Իմ կենսագրության մեջ ես երբեք որեւէ կասկածելի կետ չեմ գրել, որը հետագայում կարող էր հարցեր առաջացնել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, 8-րդ գումարման ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՔՊ-ից ԱԺ փոխխոսնակի թեկնածու Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, ով հետաքրքրվեց, թե ինչպես  է նա հասցրել մասնակցել 2016 թ. ապրիլյան պատերազմին, երբ այն արդեն ավարտվել էր:

Ի պատասխան՝ Արշակյանն ասաց, որ այդ շրջանում կար անհրաժեշտություն մարդկանց ներգրավել, եւ որ «ապրիլյան»-ի տակ ենթադրվում է  ոչ միայն մարտական գործողությունների 4 օրը, այլ ավելի երկար շրջան:

«Բացի այդ, ինժեներական աշխատանքների անցկացման վայրը եւ տեղակայման վայրը տարբեր բաներ են: Դուք կարող եք դա հստակեցնել «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից, ով այդ ժամանակ պաշտպանության նախարարն էր»,-ասաց ԱԺ փոխխոսնակի թեկնածուն:

Արշակյանը նաեւ նշեց, որ ապրիլյան պատերազմի առաջին օրվանից եղել է Մարտակերտում: Ընդ որում, նա նշեց, որ իր կենսագրության մեջ չի եղել որեւէ կասկածելի կետ, որը հետագայում կարող էր հարցեր առաջացնել: