Իսրայելը Իրանի դեմ գլոբալ գործողությունների կոչ է անում՝ անցած շաբաթ Օմանի ափերի մոտ լցանավի վրա «հարձակման» հետ կապված, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է ինքնուրույն արձագանքել: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կանխատեսել է «հավաքական պատասխան» միջադեպին, որը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը «կոմերցիոն նավագնացության վրա վրդովեցուցիչ գրոհ» է անվանել:

Բեննեթն ասել է, որ Իսրայելը ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային եւ այլ երկրների տրամադրել է հետախուզական տվյալներ, որոնք «Իրանը կապում են հարձակման հետ»: «Մենք աշխատում ենք աշխարհը համախմբելու համար, բայց միեւնույն ժամանակ գիտենք, որ պետք է միայնակ գործել»,- ասել է Բեննեթը: «Իրանն արդեն գիտի այն գինը, որը մենք նշանակում ենք, երբ ինչ -որ մեկը սպառնում է մեր անվտանգությանը: Իրանցիները պետք է հասկանան, որ անհնար է հանգիստ նստել Թեհրանում եւ այնտեղից հրկիզել ողջ Մերձավոր Արեւելքը: Ամեն ինչ ավարտված է»: