Պոպուլիզմը, մարդկանց աչքերին փոշի ցանելը շարունակվում է, իսկ իրականում կատարվում են քաղաքական հետապնդումներ և քաղաքական վենդետա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Սյունիքի կալանավորված համայնքապետերին։

«Մարտնչող գրեթե բոլոր համայնքապետներն այսօր կալանավորված են և խնդրի դեպքում ո՞վ է փորձելու պաշտպանել Սյունիքի սահմանները։ Ես այստեղ տեսնում եմ միտում, ու մենք շուտով մենք կտեսնենք ցավոտ զիջումները, որոնց մասին հնչեցվել է այլ երկրների ղեկավարների կողմից»,- ասաց նա։

Հարցին, թե Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ունի արդյոք մասնաբաժին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում», Հակոբյանը պատասխանեց․ «Ոչ միջնորդավորված, ոչ էլ ուղիղ մասնաբաժին Միքայել Մինասյանը չունի»։

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ կոմբինատի երկու աշխատակիցները կալանավորված են։

«Ես չէի ցանկանա մեկնաբանել որևէ բան կապված կոմբինատի հետ, քանի որ արդեն դադարեցված են իմ լիազորությունները կոմբինատի խորհուրդում»,- ընդգծեց Վահե Հակոբյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում խոստացել էր, որ մուրճը կջարդվի կոմբինատի աշխատակիցների գլխին, Հակոբյանն արձագանքեց․ «Ժամանակը ցույց կտա՝ չագուչն ում գլխին կջարդվի»։

Հակոբյանը չբացառեց, որ կարող է զբաղեցնել Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը․ «Ամեն ինչ հնարավոր է»։