Էներգետիկ ինքնաբավությունը վերականգնելու և տնտեսության զարգացումը խթանելու նպատակով որոշում ենք կայացրել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի տարածքում նոր խոշոր ՀԷԿ կառուցելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետությունը մինչև 2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիան էլեկտրաէներգիայի տեսանկյունից ինքնաբավ էր և նույնիսկ արտահանում էր էլեկտրաէներգիայի որոշակի ծավալ:

Պատերազմից հետո Արցախի բռնազավթված տարածքներում է մնացել մեր էներգետիկ հզորությունների զգալի մասը, և Արցախն արտահանող երկրից վերածվել է ներկրողի:

Ստեղծված պայմաններում Արցախի տնտեսության վերականգնումը, մեր կենսագործունեությունը մեծապես կախված են էներգետիկ հնարավորություններից: Ուստի, էներգետիկ ինքնաբավությունը վերականգնելու և տնտեսության զարգացումը խթանելու նպատակով որոշում ենք կայացրել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի տարածքում նոր խոշոր ՀԷԿ կառուցելու մասին։

17,6 ՄՎՏ հզորություն ունեցող «Գետավան-1» ՀԷԿ-ի՝ շուրջ 25 մլն դոլար արժողությամբ նախագծի մեկնարկը տրվելու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով, իսկ առաջիկայում դրան միանալու հնարավորություն կունենան նաև այլ ներդրողներ»,- ասված է գրառման մեջ: