Սինգապուրի իշխանությունները առանց օրդերի կամ նախազգուշացումների իրավապահ մարմինների աշխատակիցներ են ուղարկում բնակիչների տներ՝ ստուգելու, թե արդյոք նրանք պահպանում են սոցիալական հեռավորության կանոնները:

Դերասան Նիկ Միխայիլն այս մասին պատմել է՝ տրամադրելով տեսանյութեր, որտեղ վեց սպաներ, այդ թվում՝ համազգեստով երեք ոստիկաններ, խոսում են իր կնոջ հետ, որն այդ ժամանակ տանը մենակ է:

«Եկել են առանց օրդերի»,- տեսանյութին կից գրառում է կատարել նա՝ նշելով, որ նկարահանած նյութն ուղարկել է իր փաստաբանին:

Սինգապուրի քաղաքաշինության վարչությունը (URA) Channel News Asia-ի հետ զրույցում հաստատել է, որ սպաները տուն են այցելել հարեւանների կողմից «բազմաթիվ բողոքների» պատճառով, որ այդ տարածքի մարդիկ «թույլատրվածից ավելի թվաքանակով են հավաքվում»:

«Անվտանգ հեռավորությամբ գտնվող իրավապահ մարմիններն իրավունք ունեն առանց որեւէ օրդերի մուտք գործել, զննել եւ խուզարկել տարբեր տարածքներ, ներառյալ՝ բնակելի շենքերը, որպեսզի ստուգեն, թե արդյոք պահպանվում են COVID-19-ի կանոնները»,- պնդում է գործակալությունը: