Արցախի պետական համալսարանում կհիմնվի սոցիալական բիզնեսի կենտրոն, նախատեսվում է նաեւ, որ Արցախում օգոստոսին կանցկացվի մեկշաբաթյա ծրագիր՝ արցախցիներին սոցիալական ձեռներեցության հմտությունների, բիզնես հիմնելու եւ զարգացնելու վերաբերյալ գիտելիքներ փոխանցելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից։

Ծրագրի մանրամասները քննարկելու համար Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր՝ օգոստոսի 3–ին, ընդունել է ամերիկահայ գործարար Արմեն Արսլանյանին, սոցիալական ձեռներեցության դպրոցի հիմնադիր Գոհար Մկոյանին, Գավառի Պետական Համալսարանի Յունուս Սոցիալական Բիզնեսի կենտրոնի համակարգող Աստղիկ Հովեյանին:

Նախարարը եւ Արմեն Արսլանյանը պայմանավորվել են Արցախի պետական համալսարանում հիմնել սոցիալական բիզնեսի կենտրոն: Նախատեսվում է Արցախում օգոստոսին անցկացնել նաեւ մեկշաբաթյա ծրագիր՝ արցախցիներին սոցիալական ձեռներեցության հմտությունների, բիզնես հիմնելու եւ զարգացնելու վերաբերյալ գիտելիքներ փոխանցելու նպատակով։

Նախարարի խոսքով՝ քաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է նոր մոտեցում․ բիզնեսի հիմնումը, սեփական կայուն եկամուտը էականորեն կբարելավեն արցախցիների կյանքի որակը։

Նախարարը հյուրերին ներկայացրել է Կառավարության կողմից արցախահայերի համար իրականացված սոցիալական աջակցության եւ զբաղվածության ծրագրերը՝ միաժամանակ շեշտելով, որ նմանատիպ միջոցառումների իրագործման հարցում կարեւոր է նաեւ սփյուռքի մասնակցությունը։

Արմեն Արսլանյանն, ով պատրաստակամություն է հայտնել աջակցելու միջացման կայացմանը, նշել է, որ մեծ ցանկություն ունի օգտակար լինել թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում ․«Սփյուռքի յուրաքանչյուր ներկայացուցչի համար մեծ պատիվ է ներդրում ունենալ Հայաստանի եւ Արցախի շենացման ու հզորացման գործում։ Պետությանը փոքր քայլերով աջակցելու միջոցով կարող ենք դրական տեղաշարժ գրանցել»,-նշել է գործարարը։