Լրագրողների աշխատանքի սահմանափակումների պատճառն իշխանության վախերն են ու տարբեր հարցերին պատասխաններ տալուց խուսափելու ցանկությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում լրագրողների աշխատանքի կիրառվող սահմանափակումներին։

«Լրագրողների աշխատանքի սահմանափակումը կապված է իշխանական պատգամավորների ինտելեկտուալ ցածր մակարդակի հետ, բոլորին հայտնի է՝ ինչ մեկնաբանություններ են նրանք տալիս ներքին ու արտաքին քաղաքական կյանքի, միջազգային իրադարձությունների, պատերազմի, իրենց կուռքի խոսքերի մասին, և ողջ հասարակությունը ցիտում է նրանց պարզունակ մեկնաբանությունները։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որոշում է կայացվել, որ այն պատգամավորներին, որոնք կոճակ սեղմելուց բացի ուրիշ բանի ընդունակ չեն, զերծ պահեն մեկնաբանություններ անելուց։ Նրանք կարծիք չունեն, բայց պատգամավորը պարտավոր է նաև դա անել այս կամ այն երևույթի, օրենքի ու այլ հարցերի մասին։ Տեսել եք, սակայն, թե ինչ զվարճալի են լինում այդ մեկնաբանությունները»,- նշեց Իշխանյանը։

Կիրառվող ու սպասվող սահմանափակումների վերաբերյալ այն հիմնավորումները, թե այլ երկրների խորհրդարաններում չկա նման երևույթ, երբ լրագրողը «վազի պատգամավորի հետևից» հարցազրույց վերցնելու համար, և որ այս փոփոխությունն ինստիտուցիոնալ բնույթ ունի պատգամավոր–լրագրող հարաբերությունները կանոնակարգելու համար, Իշխանյանը հիմնավոր չի համարում։

«Այն, որ ոչ մի այլ երկրում չկա նման բան, պարզապես խոսքեր են. թող օրինակներ բերեն հերթականությամբ աշխարհի բոլոր պետություններից, թե որտեղ ինչպես է։ Ոչ մի քաղաքական գործիչ էլ առանձնապես չի սիրում լրագրողների սուր հարցերը, բայց քաղաքակիրթ, և, ինչպես իրենք են սիրում ասել, ժողովրդավարական երկրներում նրանք պարտավոր են պատասխանել այդ թվում սուր հարցերին։ Արդեն վաղուց Հայաստանում մշակույթ է ձևավորվել, որ լրագրողները բավական ազատ շրջում են Ազգային ժողովում, և նախկին իշխանությունները, որոնց շարքում բազմաթիվ պատգմավորներ չէին փայլում իրենց մտավոր ունակություններով, չէին գնում նման սահմանափակումների։ Այդ պատճառով էլ նրանց ներկայացրած բոլոր փաստարկներն արդարացումներ են, ուրիշ ոչինչ»,- նկատեց իրավապաշտպանը։

Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ՝ եթե ժողովրդավարական այլ երկրի պաշտոնյա ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Հակոբ Արշակյանի նման բռնություն կիրառեր լրագրողի նկատմամբ, և եթե անգամ պատիժ չկրեր, այլ միայն հանրային պարսավանքի ենթարկվեր, ապա երբեք այլևս բարձրաստիճան պաշտոնի չէր հավակնի։

«Նրանք իրենց ամենաթողության մեջ են զգում, և նման սահմանափակումների են գնում նաև այն պատճառով, որ իրենց գործընկերոջ պես հանկարծ բռնություն չկիրառեն լրագրողների հանդեպ»,- նշեց Իշխանյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ նման փոփոխությունների մեկ այլ պատճառ է ոչ թե խորհրդարանի անվտանգության մակարդակը բարձրացնելը, ինչպես իշխանությունն է հիմնավորում, այլ նրանց ունեցած վախերը։

«Ասում են՝ ստացել ենք ժողովրդի մանդատը, բայց շատ հարցերում սարսափում են, սա այդ սարսափների դրսևորումն է։ Ցանկացած մարդ Աժ մուտք գործելիս անցնում է այդ մետաղաորսիչ սարքերով, և դրանից հետո անձն իրենից վտանգ չի կարող ներկայացնել, ուստի անվտանգությունը դրանով իսկ լիարժեք ապահովված է։ Իսկ ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ին, որի մասին անընդհատ խոսում են, այդ ժամանակ նման սարքեր չկային»,- շեշտեց Իշխանյանը։