Աֆղանստանի կառավարությունը եւ «Թալիբանը» դեռեւս հեռու են խաղաղ համաձայնության ձեռբերումից, հայտարարել է Աֆղանստանում հաշտեցման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը, տեղեկացնում է AFP-ն:

Նրա խոսքով՝ թալիբները պահանջում են նոր կառավարություն՝ ավելի մեծ իշխանություն ձեռք բերելու հույսով, մինչդեռ Քաբուլը ցանկանում է նրանց ներգրավել ներկայիս կառավարությունում:

Խալիլզադը նշել է, որ աֆղանական կառավարությունը եւ նրա միջազգային կողմնակիցներն իսկապես ազդեցության լծակներ ունեն կոշտ իսլամիստների դեմ՝ ասելով, որ նրանք ցանկանում են, որ «Թալիբան»-ի կողմից ղեկավարվող ցանկացած ապագա կառավարություն միջազգային ճանաչում ստանա:

««Թալիբանը» հայտարարում է, որ չի ուզում անտեսված պետություն լինել»,- ասել է նա: «Նրանք ասացին, որ չգիտեին, թե ինչ է ճանաչումը, երբ իշխանության եկան 90-ականներին»:

Խալիլզադը նշել է, որ առաջնորդների անձնական շահերը խոչընդոտում են համաձայնության ձեռքբերմանը։ Նա ասել է, թե Քաբուլի կառավարությունը պետք է իրատեսորեն մոտենա այն հարցին, թե «ինչ քաղաքական կարգավորման» կարելի է հասնել»: «Կառավարությունը պետք է հասկանա, որ Աֆղանստանում հակամարտությունը ռազմական լուծում չունի»: