Հույն հրշեջ-փրկարարներն ավելի քան 300 քաղաքացու են փրկել Աթենքի հյուսիսային Վարիբոբի արվարձանում անտառային հրդեհների բռնկման վայրից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է քաղաքացիների պաշտպանության փոխնախարար Նիկոս Հարդալիասը, որը պատասխանատու է քաղաքացիական պաշտպանության եւ ճգնաժամային իրավիճակների դեմ պայքարի համակարգման համար, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

«Հրշեջները ստիպված էին գործել առնվազն 315 դեպքում, որպեսզի օգնեն մարդկանց ազատվել եւ տեղափոխվել կրակով շրջապատված տներից»,- ասել է Հարդալիասը: Նրա խոսքով՝ հրշեջները, ովքեր ամբողջ գիշեր աշխատելու են, կրակի դեմ պայքարում են երեք հիմնական տարածքներում՝ Աթենքից հյուսիս գտնվող Վարիբոբի, Ադամես եւ Ֆրակոմակեդոնես բնակավայրերի մոտ: Ավելի վաղ այս երեք բնակավայրերի, ինչպես նաեւ Օլիմպիակո-Հորիո գյուղի բնակիչները տարհանվել էին:

«Սա շատ վտանգավոր հրդեհ է, որը զարգանում է հատուկ պայմաններում: Մեր երկիրը վերջին օրերին ծայրահեղ եղանակային պայմաններում է՝ 40 տարվա ընթացքում ամենաուժեղ շոգ ալիքներից մեկի», - ասել է Հարդալիասը՝ նշելով, որ նման եղանակային պայմանները շատ են դժվարացնում ամբողջ երկրում բռնկված հրդեհների դեմ պայքարը:

Հունաստանում չափազանց շոգ եղանակ է հաստատվել վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Երկրի շատ շրջաններում ջերմաստիճանը ստվերում հասնում է 44-47 աստիճանի, եւ այս ժամանակահատվածը, ըստ օդերեւութաբանների, անսովոր երկար կտեւի ՝ մոտ 12 օր: Սովորաբար ամռանը Հունաստանում մինչեւ 40 աստիճան տաքությունը տեւում է 3-5 օր: