Հայաստանի նորընտիր Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 4-ին շարունակում է իր աշխատանքը:
Հիշեցնենք, որ նորընտիր ԱԺ առաջին երկու օրերին ԱԺ նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ՝ ռուբեն Ռուբինյանը: Նախօրեին քննարկվեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ՔՊ-ից Հակոբ Արշակյանի թեկնածությունը, սակայն ընտրությունը տեղի կունենա այսօր:
Դրանից հետո խորհրդարանը ձեռնամուխ կլինի ԱԺ երրորդ փոխխոսնակի ընտրության հարցի քննարկմանը, որը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ: Ընդդիմադիր խմբակցություններն այդ պաշտոնում առաջադրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:
ԱԺ անդրանիկ նստաշրջանի օրակարգում 7 հարց է, որի 5-ը դեռ չեն քննարկվել: Դրանք են՝
- Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ
- Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին
- Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ
- Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում
- Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է, որ ԱԺ-ն ունենա 12 մշտական հանձնաժողովներ, ներկայիս 11-ի փոխարեն: Առաջարկվում է առանձնացնել առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովները:
Իսկ ահա «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: