Վերաքննիչ քրեական դատարանը՝  դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր մերժեց Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը, ինչը նշանակում է, որ Զաքարյանը կշարունակի մնալ կալանավորված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Որոշմանը դեռ ծանոթ չենք, բայց ինչպես միշտ մի բան կստեղծագործեն ու կգրեն, բայց այն հիմնավորումները, որ ներկայացվեց եւ դրանց առնչությամբ ինչ պատասխան, որ տրվեց, դատական նիստից պարզ էր, որ  դատարանը հիմնավորումներ չունի մեր բողոքը մերժելու, բայց ի սկզբանե  որոշված էր՝ պետք է մերժվի։ Որոշումն ստանալուց հետո մենք այն կբողոքարկենք նաեւ Վճռաբեկ դատարանում»,– ասաց փաստաբանը։

Նշենք, որ  Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող` իր՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելու կամ նման տեղեկությունը թաքցնելու հատկանիշներով։

Նշենք, որ հուլիսի 13–ին, Զաքարյանը կալանավորվել էր երկու ամսով։