Նիստի ընթացքում նայելով դատավորի աչքերին, պնդեցի, որ ինքն ի զորու չէ անկախ և անաչառ լինել ու արդար որոշում կայացնել Մխիթար Զաքարյանի գործով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մեղրիի նախկին համայնքապետ, այժմ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Դատավորը նայեց աչքերիս ու ասաց, որ ինքը բոլոր գործերով է անկախ ու անաչառ, որից հետո մերժեց վերաքննիչ բողոքը։

Մենք երկուսս էլ գիտենք, թե ով էր ճիշտ և ով դիմացինի աչքերին նայելով ստեց»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝  դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր մերժեց Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը, ինչը նշանակում է, որ Զաքարյանը կշարունակի մնալ կալանավորված։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Մխիթար Զաքարյանը ԱԺ ութերորդ գումարման նստաշրջանին չի մասնակցում՝ անազատության մեջ գտնվելու պատճառով։