Դուք արդեն որերորդ անգամ նշում եք, որ պետք էր խորհրդարանական վերահսկողություն իրականացնել, որպեսզի սահմանները փակ լինեն. Ի՞նչ նկատի ունեք, կբացատրե՞ք: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, ԱԺ-ում դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, հարց ուղղեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ի պատասխան Սեյրան Օհանյանն ասաց. «Մենք խորհրդարանական կառավարմամբ երկիր ենք, որը վերահսկողություն է իրականացնում գործադիրի նկատմամբ: ԱԺ-ում գոյություն ունի հանձնաժողով, գոյություն ունեն տարբեր անձնավորություններ, որոնք պետք է մտածեն երկրի մասին եւ ժամանակին իմանան, թե նոյեմբերի 9-ից հետո ինչպիսին է իրավիճակը Հայաստանի սահմաններում: Եթե մենք գտնում ենք, որ ԱԺ-ն պետք է իր գործունեությունը ծավալի միայն այս շենքում, առանց արտագնա նիստերի, առանց արտագնա ուղեւորությունների... փաստն այն է, որ ադրբեջանցիները եկել եւ գտնվում են մեր սահմաններում: Դրանից ելնելով եմ ասում, որ խորհրդարանական վերահսկողություն պետք է լինի»:

ԱԺ նախագահը արձագանքեց. «Ինչ պետք է անեին պատգամավորները: պատկերացնենք պատերազմ է, նոյեմբեր-հոկտեմբեր ամիսներն է, այդ գործողությունները կնկարագրե՞ք»:

Սեյրան Օհանյանն էլ ասաց. «Գործողությունները պետք է հետեւյալը լինեին. Հանձնաժողովներ կամ արտագնա խմբեր պետք է գնային եւ տեղում ստուգեին, տեսնեին՝ իրոք մեր սահմանները ամբողջությամբ փակ են, ձեւավորված են, ինժեներական աշխատանքները կատարվել են, թե ոչ»: