Քուվեյթում այրվում է անվադողերի աշխարհում ամենամեծ աղբանոցը, տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները։ Ականատեսները հրապարակում են հրդեհի լուսանկարներ եւ տեսանյութեր ու նշում, որ ծխի հսկայական սյունը երեւում է հեռվից եւ դատելով Թվիթերի լուսանկարներից՝ անգամ տիեզերքից։ Էկոլոգներն արդեն տագնապ են հնչեցնում. եթե կրակը չհաջողվի մարել առաջիկայում, ապա դա կարող է զգալի վնաս հասցնել բնությանը, քանի որ հին անվադողերի այրման ժամանակ տեղի է ունենում վտանգավոր նյութերի՝ քաղցկեղածին բիֆենիլի եւ բենզ(ա)պիրենի, ինչպես նաեւ դիօքսինի, ֆուրանի, անտրացենի եւ կապարի արտազատում։

«Հրդեհն սկսվեց օգոստոսի 3-ին, դեպի երկինք բարձրացած թունավոր ծխի սյուները երեւում են հեռվից։ Առայժմ հրդեհով բռնկված է անվադողերի աղբանոցի 600 հազար քառակուսի մետր զբաղեցնող ոչ մեծ հատվածը»,- փոխանցում են ականատեսները։ Ցանցում նույնպես հայտնվել է հրդեհի տեսանյութը անանուն հեղինակի կողմից։ FA Climate, Weather and Atmosphere YouTube-ալիքը, որ ներբեռնել է հոլովակը, տագնապ է հնչեցնում. հրդեհը սպառնում է էկոլոգիական աղետի վերածվել։

Տեսանյութը նկարահանվել է Սուլայբիի անվադողերի աղբանոցում, որը համարվում է ամենամեծն աշխարհում, այնտեղ պահվում է ավելի քան 52 մլն անվադող։ Ասվածը հաստատում են արբանյակներից կատարված նկարները, որոնցում իսկապես երեւում է ծուխն աղբանոցի վրա։

Սա նման առաջին դեպքը չէ այս տարի։ Xinhuanet.com-ի տվյալներով՝ այս տարվա ապրիլին այրվել էին Ջահրա մուհաֆազի (գավառի) աղբանոցի անվադողերը։ Վարկած էր առաջադրվել, թե պատճառը հրկիզումն է։