Միայնակ դիվանագիտական ճանապարհով այդ խնդիրը լուծելը շատ դժվար է. դա պետք է անենք մեր ռազմավարական գործընկերների եւ ՀԱՊԿ-ի հետ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի զինուժի Հայաստանի տարածք ներխուժմանը եւ այդ խնդրի կարգավորմանը:

«Սահմանների պաշտպանությունն իրականացնելու հարցում մեր երկիրը պետք է ի վիճակի լինի ինքն իրականացնել այդ խնդիրները: Այն երկիրը, որն ի վիճակի չէ պաշտպանել սեփական սահմանները, խոսել ինքնիշխանության մասին շատ դժվար է»,-ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է արդիականացնել բանակը, Սեյրան Օհանյանն ասաց. «Այս փուլում բանակի արդիականացման աշխատանքներին տեղյակ չեմ. Անկասկած, մեզնից յուրաքանչյուրի ցանկությունն է, որ բանակը արագ ոտքի կանգնի եւ բանակի թե կառուցվածքը, թե գործողությունները համապատասխանեն այն խնդիրներին, որոնք մեր երկրի առջեւ ծառացած են: Բանակի բարեփոխումները միշտ են եղել»: