Եվրամիությունը կաջակցի Իտալիային, Հունաստանին, Ալբանիային եւ Հյուսիսային Մակեդոնիային՝ կործանարար հրդեհների մարման գործում, որոնք ընդգրկել են Միջերկրական ծովի եւ Արեւմտյան Բալկանների տարբեր շրջաններ: Այս մասին ասված է չորեքշաբթի Եվրախորհրդարանի տարածած հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Ֆրանսիայից երկու հրշեջ ինքնաթիռ է ուղարկվում Իտալիայի տուժած շրջաններին օգնելու համար: Կիպրոսից Հունաստան եւս կժամանի երկու հրդեհաշիջման ինքնաթիռ եւ հրշեջների խումբ, որոնք կօգնեն ցամաքից հրդեհների դեմ պայքարին: Չեխիան եւ Նիդեռլանդները մեկական ուղղաթիռ կուղարկեն Ալբանիա, որոնք կաջակցեն տեղի փրկարարական ջոկատներին հանրապետության հեռավոր շրջաններում հրդեհների մարման գործում: Բացի այդ, 45 սլովենացի հրշեջ կմասնակցի փրկարարական աշխատանքներին Հյուսիսային Մակեդոնիայում, որտեղ հրդեհները մոլեգնում են երկրի մի քանի շրջաններում:

«Մենք աշխատում ենք շուրջօրյա` օգնություն տրամադրելու այն ժամանակ, երբ հրդեհները մոլեգնում են ամբողջ Եվրոպայում: Շնորհակալություն եմ հայտնում Կիպրոսին, Չեխիային, Ֆրանսիային, Սլովենիային եւ Նիդեռլանդներին` անտառային հրդեհներից տուժած երկրներին օգնելու նպատակով հրշեջ ինքնաթիռներ, ուղղաթիռներ եւ հրշեջ բրիգադ արագ մոբիլիզացնելու համար»,- ասել է ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեշ Լենարչիչը: Նա նաեւ ընդգծել է, որ «սա դժվարին պահերին ԵՄ համերաշխության գերազանց օրինակ է»:

Ավելի վաղ Եվրամիությունը սկսել էր օպտիմալացնել իր տնտեսությունը` կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքով հնարավոր համակարգային բնական աղետներին նախապատրաստվելու համար: Եվրոպական հանձնաժողովը հատուկ կանոնակարգ է մշակել` ԵՄ-ում ենթակառուցվածքների և էներգետիկ օբյեկտների հուսալիության բարելավման նպատակով: