Ասել, որ իշխանությունը կենտրոնացված է միայն նախագահի ձեռքում, այդքան էլ ճիշտ չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ‹‹Ազատ հայրենիք-ՔՄԴ›› խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանն՝ անդրադառնալով «Արդարություն» խմբակցության հայտարարությանը, թե Արցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակ, երբ պետական համակարգի կենսունակությունը կախման մեջ է հայտնվել մեկ մարդուց՝ Արցախի նախագահից:

«Այսօր երկրի նախագահն այնքան բարդ է աշխատում, որ տարբեր ձեւաչափերով քննարկումներին, օրինակ՝ գործադիրին հրավիրվում են նաեւ օրենսդիրի ընդդիմադիր ներկայացուցիչներին։ Կա Անվտանգության խորհուրդ, որը եւս որոշակի աշխատանք է կատարում, թեկուզ խորհրդատվական,  բայց իր դերն է ունենում նախագահի կայացրած որոշումներում։ Բազմաթիվ հարթակներում նախագահը  հանրային խորհուրդներ է ձեւավորել, ընդդիմության հետ հաճախ հանդիպում է, բաց աշխատում, նույնը կարող եմ ասել պետական նախարարի մասին։ Այսինքն՝ այն խնդիրը, որ ընդդիմությանը մեկուսացրած են պահում կառավարման համակարգից, չկա, իրենք միշտ տարբեր ձեւաչափերով կարող են մասնակցել եւ տեսակետներ հնչեցնել, որոնք հաճախ ընդունվում են, եթե ի շահ ժողովրդի եւ պետականության են լինում, դրա համար ասել, որ իշխանությունը կենտրոնացված է միայն նախագահի ձեռքում, այդքան էլ ճիշտ չէ»,– ասաց Արամ Հարությունյանը։

«Արդարություն» խմբակցությունը Արցախում տեղծված իրավիճակից դուրս գալու համար առաջարկում է սահմանադրական փոփոխություններ անել, եւ անցնել կիսանախագահական կառավարման համակարգի, ապա հաջորդ մեկ տարվա ընթացքում անցկացնել Ազգային ժողովի, այնուհետեւ Հանրապետության նախագահի ընտրություններ: Իշխող ‹‹Ազատ հայրենիք-ՔՄԴ›› խմբակցությունում ընդդիմադիրների հայտարարության շուրջ դեռ քննարկում չեն ունեցել։ 

«Այսօր ես նման խնդիր չեմ տեսնում, մենք միշտ էլ բարեփոխումների կողմնակից ենք, եթե ինչ–որ քայլ ուղղված է պետական համակարգը բարելավելուն, ուժեղացնելուն կամ էլ արդիականացնելուն,  ապա դրա հետ կապված մենք խնդիր չունենք։ Ես չգիտեմ իրենց ասած առաջարկը ինչին է տանում, պետք է լրացուցիչ քննարկել եւ հասկանալ նախագահականից կիսանախագահական համակարգ անցնելու դրական  ու բացասական կողմերը, որովհետեւ կան տեսակետներ, որ պատերազմող երկրում անպայման պետք է լինի նախագահական կառավարման համակարգ։ Պետք է համադրել առավելություններն ու թերությունները եւ ընտրել  երկրի համար լավագույն տարբերակը»,– ասաց Արամ Հարությունյանը։

Արցախում, ըստ իշխող ուժի պատգամավորի՝ քաղաքական ճգնաժամ եւ նախագահի հրաժարականի հանրային որեւէ պահանջ չկա։

«Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Արցախում ինչ–որ ցույցեր եղան, բայց դա մարեց, ցույցերի ակտիվիստները հանդիպել են նախագահի հետ եւ նրանք նույնպես այն մտքին են, որ այս փուլում երկիրը պետք է շարունակի իր բնականոն կյանքը՝ նախագահի գլխավորությամբ, իսկ հնարավորության դեպքում ընտրություններ լինեն։ Նույնն ասել է նախագահը, որ ինքը պատրաստ է ընտրությունների գնալ միայն այն ժամանակ, երբ տեղահանվածների խնդիրները լուծվեն, արտաքին վտանգներ չլինեն։ Կարծում եմ, որ սա կրկին արհեստական կրքերի լարում է, որովհետեւ նման պահանջ չկա Արցախում»,– նշեց նա։

Իշխող ուժի պատգամավորի դիտարկմամբ՝ նախագահի հրաժարականի մասին խոսելը վաղ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 20 000–ից ավելի արցախցի բնակվում է Հայաստանում, նրանք մշտական բնակության վայր չունեն, ինչպես նաեւ այն, որ դեռ արտաքին վտանգներ կան։

«Ես համաձայն եմ, որ ընտրություններ լինեն, բայց ժամանակին։  Մենք չենք կարող ընտրությունների ինստիտուտից հրաժարվել. Արցախում, բնականաբար, ընտրություններ լինելու են։ Ցանկացած ինքնիշխան երկրում իշխանությունը պետք է  ձեւավորվի ընտրությունների միջոցով, սրա մասին խոսք լինել չի կարող, խոսքը ժամանակի մասին է,  թե ինչքանով է նպատակահարմար այս փուլում ընտրություններ անել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահի հրաժարականի կամ ԱԺ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա եւ սրան գումարած բազմաթիվ տեխնիկական խնդիրներ ունենք, որ օր առաջ ընտրություններ չենք կարող անցկացնել։

Արցախը պետք է կիսանախագահական երկիր դառնա, ապա անցկացվեն ԱԺ–ի եւ նախագահի ընտրություններ. «Արդարություն» խմբակցություն