Պակիստանի զինվորականները հայտարարել են, որ 90%-ով ավարտել են Աֆղանստանի հետ սահմանին ցանկապատի կառուցումը՝ խոստանալով այն ավարտել այս ամառ, հաղորդում է AP-ն:

Պակիստանը հայտարարում է, որ պարիսպ է կառուցում՝ սահմանով գրոհայինների հարձակումները կանխելու համար:

Պակիստանի բանակի հայտարարությունը հնչել է հարեւան Աֆղանստանում բռնությունների աճի ֆոնին, որտեղ թալիբներն ուժեղացրել են հարձակումները՝ պատերազմից տուժած երկրից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման նախաշեմին, հաղորդում է AP-ն:

2017 թվականին, երբ զինյալները բազմիցս անդրսահմանային հարձակումներ էին գործում Պակիստանի դիրքերի վրա, Պակիստանը սկսեց ցանկապատ կառուցել Աֆղանստանի հետ 2611 կմ երկարությամբ սահմանի երկայնքով, որը հայտնի է որպես Դյուրանի գիծ:

Պակիստանցի գնդապետ Ռիզվան Նազիրն ասել է, որ արեւմտյան սահմանի մնացած 10%-ը կավարտվի այս տարի:

Պակիստանն ու Աֆղանստանը հաճախ միմյանց մեղադրում են սահմանի երկայնքով գործող իսլամական զինյալների վրա աչք փակելու մեջ: