«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքն աճում է: Այս մասին ասված է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի զեկույցում, որը վկայում է Աֆրիկայում խմբավորման մասնաճյուղերի «տագնապալի» ընդլայնման եւ Սիրիայում ու Իրաքում նախկին դիրքեր վերադառնալու ցանկության մասին, որոնք ահաբեկիչները հռչակել էին իրենց «խալիֆայություն»:

Զեկույցում ասվում է, որ ԻՊ-ն եւ այլ ահաբեկչական խմբավորումներ օգտվել են «հիասթափությունից, դժգոհությունից եւ անհաջողություններից», որն առաջացել է COVID-19 համավարակի հետեւանքով՝ ինչպես տեղերում, այնպես էլ համացանցում:

Այն դեպքում, երբ ոչ կոնֆլիկտային տարածքներում մեկուսացումը ճնշել է ահաբեկչական գործունեությունը, հակամարտության գոտիներում, որտեղ համաճարակային սահմանափակումներն ավելի քիչ ազդեցություն ունեն, ԻՊ-ի սպառնալիքն «արդեն մեծացել է»,-ասել է Գուտերեշը:

«Քանի որ համավարակի հետ կապված սահմանափակումներն աստիճանաբար թուլանում են, աճում է հակամարտության գոտիներից դուրս ԻՊ-ի նախաձեռնած հարձակումների կարճաժամկետ սպառնալիքը՝ արմատականացված անձանց կամ փոքր խմբերի կողմից,»,- ասել է նա:

ՄԱԿ-ի ղեկավարն ասել է, որ սա վկայում է ավելի լայն եւ զարգացող վտանգի մասին՝ համավարակի ժամանակ թվային տեխնոլոգիաների արագացված կիրառման, ինչպես նաեւ «ահաբեկչական նպատակների համար նոր եւ ի հայտ եկած տեխնոլոգիաներ օգտագործելու» հնարավորությունից:

Գուտերեշը, գնահատելով «Իսլամական պետության» սպառնալիքը, ասել է, որ դրա առաջնորդ Ամիր Մուհամմադ Սայիդ Աբդալ-Ռահման ալ-Մաուլան «դեռ չի ցանկանում անմիջականորեն շփվել կողմնակիցների հետ», եւ որ «խմբի հրամանատարությունն ու վերահսկողությունը իր գլոբալ ճյուղերի վրա թուլացել է», թեեւ նա շարունակում է ուղղորդել եւ որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել»:

Նրա խոսքով՝ ավելացել է տարածաշրջանային մասնաճյուղերի ինքնավարությունը, հատկապես Արեւմտյան Աֆրիկայում եւ Սահելում, Արեւելյան եւ Կենտրոնական Աֆրիկայում, Աֆղանստանում եւ Հարավային Ասիայում: Այս էվոլյուցիան ԻՊ-ի ապագա գլոբալ ազդեցության կարեւոր գործոն կդառնա:

16 էջանոց զեկույցում, որը պատրաստել են Անվտանգության խորհրդի հակաահաբեկչական կոմիտեն եւ «Իսլամական պետության» դեմ պատժամիջոցները վերահսկող փորձագետները, ասվում է, որ խումբը շարունակում է ակտիվ մնալ Սիրիայի հսկայական տարածքներում, որտեղ ձգտում է վերականգնել իր մարտունակությունը եւ ընդլայնել իր գործունեությունը:

Իրաքում ԻՊ-ն շարունակում է մնալ հակաահաբեկչական մշտական ճնշման տակ, բայց շարունակում է օպերատիվ գործողություններ իրականացնել՝ «ձգտելով խարխլել կարեւոր ենթակառուցվածքային նախագծերը, բորբոքել միջկրոնական պառակտումներ ու սոցիալական դժգոհություններ եւ գրավել ԶԼՄ-ների ուշադրությունը, ասել է նա:

Ինչ վերաբերում է ծայրահեղական խմբավորման ֆինանսներին, ՄԱԿ-ի ղեկավարն ասել է, որ Իրաքում եւ Սիրիայում ԻՊ-ի ֆինանսական պահուստները գնահատվում են 25 մլն դոլարից մինչեւ 50 մլն դոլար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ԻՊ-ի ամենաարդյունավետ ճյուղերն իրենց ազդեցությունն ու գործունեությունը տարածում են Մալիից մինչեւ Բուրկինա Ֆասո եւ Նիգեր, Նիգերիայից մինչեւ Նիգեր, Չադ եւ Կամերուն եւ Մոզամբիկից մինչեւ Տանզանիա: «Սա ընդգծում է, որ ահաբեկչության, անկայունության եւ հակամարտությունների միջեւ փոխազդեցությունը սրվում է, եւ ընդգծում է աֆրիկյան երկրներին եւ տարածաշրջանային կազմակերպություններին աջակցելու հրատապ գլոբալ արձագանքի անհրաժեշտությունը»,- ասել է Գուտերեշը:

Նրա խոսքով՝ Աֆղանստանում ԻՊ-ի մասնաճյուղն ընդլայնել է իր ներկայությունը մի քանի նահանգներում, ինչպես նաեւ մայրաքաղաք Քաբուլում եւ արվարձաններում:

Գուտերեշի խոսքով՝ Աֆղանստանում վերախմբավորման եւ վերականգնման աշխատանքներում «Իսլամական պետությունն» առաջնահերթություն է տալիս նոր աջակիցների հավաքագրմանը եւ ուսուցմանը եւ հույս ունի ներգրավել թալիբներին ու այլ զինյալների, որոնք մերժում են ԱՄՆ-ի եւ «Թալիբան»-ի համաձայնությունը, ինչպես նաեւ Իրաքից զինյալներին:

Նրա խոսքով՝ Աֆղանստանում ԻՊ-ի թիվը տատանվում է 500 - 1500 զինյալների միջեւ, իսկ ՄԱԿ-ի անդամ մի երկիր պնդում է, որ միջնաժամկետ հեռանկարում դրա թիվը կարող է հասնել 10 000-ի: