Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 3-ին ակտիվացրել են բնակչության հետ տարվող բացատրական աշխատանքը։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում՝ ոստիկանության Իջևանի և Դիլիջանի բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Արտաշատի և Արարատի բաժիններում։ Սպիտակի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ բաժին էր բերել «Կալաշնիկովի» գնդացիր։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի, Ջերմուկի և Վայքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են տարբեր տեսակի պայթուցիչներով նռնակների, մի քանի հարյուր փամփուշտի և հրացանի հանձնման դեպքեր։

Ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Մարտունու և Վարդենիսի բաժիններում։ Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ ու փամփուշտներ։ Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Կապանի և Սիսիանի բաժիններում։

Մասնավորապես, Կապանում՝ «Մակարով» ատրճանակի, Սիսիանում՝ ռազմամթերքի։ Զենք-զինամթերքի մի մասը, նախնական տվյալներով, բերվել են Արցախից։

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Միջոցառումները շարունակվում են։