Եթե դուք նույնիսկ հաղթել եք ընտրություններում, ապա մեր պետությունն ու պետականությունը հաստատ պարտվել են: Այս մասին Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի հատուկ նիստում օգոստոսի 4-ին խորհրդարանի երեք փոխնախագահներից մեկի թեկնածության քննարկման ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին:

Նա, մասնավորապես, հարց տվեց՝ պատրաստվո՞ւմ են արդյոք նրանք առաջիկայում ստորագրել փաստաթուղթ, ըստ որի՝ Տիգրանաշեն, Ներքին Ոսկեպար եւ Վերին Ոսկեպար գյուղերը հանձնվելու են թշնամուն: «Հնարավո՞ր է, որ ստորագրվի մի փաստաթուղթ, որի համաձայն Ղարաբաղն ընդհանրապես հանձնվի Ադրբեջանին: Այսինքն՝ մենք ճանաչո՞ւմ ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանները եւ խաչ քաշում Ղարաբաղի, մեր հաղթանակների եւ մեր արժանապատվության վրա: Սրանք այն հարցերն են, որոնց դուք պետք է պատասխանեք, որպեսզի մենք վերջապես հասկանանք, թե ուր է գնում մեր երկիրը», - ասաց Գրիգորյանը: