Անտառային հրդեհը հասել է Թուրքիայի արեւմուտքում գտնվող ջերմաէլեկտրակայանին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Բոցը տարածվել է ջէկի վրա... Բոլորը տարհանվում են կայանից, ինչի կապակցությամբ հնչում են ազդանշաններ»,- ասվում է Մուղլա նահանգի Միլաս քաղաքի քաղաքապետարանի հայտարարության մեջ, որտեղ գտնվում է ջէկը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը A Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոստովանել է, որ Միլասի ջէկին վտանգ է սպառնում։ Սակայն նա նշել է, որ դրա շրջակայքում հրդեհը մարելը ավելի հեշտ կլինի, եթե այնտեղ դադարեն ուժեղ քամիներ փչել, որոնք զգալիորեն բարդացնում են հրշեջների աշխատանքը:

Ուժեղ շոգը եւ երաշտը հանգեցրել են նրան, որ հուլիսի 28-ին Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի Մանավգաթ առողջարանային քաղաքի մոտակայքում հրդեհ է բռնկվել: Հաջորդ օրը հրդեհ է բռնկվել նաեւ մի քանի այլ նահանգներում, այդ թվում`Այդին եւ Մուղլու հանգստավայրերում: Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման մարմնի տվյալներով՝ տարերային աղետի զոհերի թիվը հասել է ութի, տուժել է ավելի քան 850 մարդ: