Թե ուզում ես պաշտոն ստանալ, ժամանակիդ իշխանության ստրուկը դարձիր. սա է շատեր «քաղաքական գործիչների» սկզբունքը, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«ԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԵՐԳԴ ԼՍԵՆ՝

ԺԱՄԱՆԱԿԻԴ ՇՈ՛ՒՆՉԸ ԴԱՐՁԻՐ

Եղիշե Չարենց

Բերված մեջբերումն արված է Չարենցի բանաստեղծությունից, ուղղված իր բանաստեղծ ընկերոջը։ Հայ, այսպես կոչված, քաղաքական գործիչները, որոնցից շատերը, համոզված եմ, որ նույնիսկ Չարենց չեն կարդացել, գործում են այս սկզբունքի աղավաղված ոգով․

«Թե ուզում ես պաշտոն ստանալ, ժամանակիդ իշխանության ստրուկը դարձիր»։

Այսպես, ժամանակին Երևանի քաղխորհրդի ընդդիմադիր գործիչը, ընդդիմադիր գործընկերների աջակցությամբ, ստիպեց հրաժարական տալ Երևանի քաղաքապետ ՀՀՇ վարչության անդամ Համբարձում Գալստյանին և ընտրվել քաղաքապետ։ Այնուհետև, զգալով «ժամանակի շունչը» , ինքը դարձավ ՀՀՇ անդամ և դարձավ պատգամավոր, ինչպես նաև ՀՀ նախագահի խորհրդական։ Նա հետագայում դարձավ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության անդամ։ Սակայն, արդեն այս տարի նորից զգալով «ժամանակի շունչը» , դուրս եկան Կոնգրեսից և բուռն հաճոյախոսություններ ուղղեց այսօրվա իշխանություններին, ձեռքի հետ էլ հայհոյելով ընդդիմությանը։ Նրա պահվածքը գնահատվեց և նա նշանակվեց նախարար։

Մեկ այլ նախկին գործիչ, հրաժարականից հետո «անցել էր ջրի հատակը», ձայն ու ծպտուն չէր հանում։ 2017թ․ միացել էր թունդ նախկինների կողմից ստեղծված ՕՐՕ դաշինքին, սակայն տարաձայնություններ ունենալով ցուցակում իր տեղի հետ կապված, հրաժարվեց ընտրացուցակից։ Նա անհամբեր սպասում էր իր «ժամանակի շնչին»։ Եվ վերջապես այն եկավ և սույն գործիչը դարձավ նոր իշխանությունների ցանկալի քարոզիչը, քննադատն ու հայհոյողը( «վայնասուն են գցել և այլն») նույն նախկիններին, ում ժամանակ բարձր պաշտոն է զբաղեցրել և փորձել ավելի քան նախկինների հետ դաշինք կազմել: Նրա պահվածքը նույնպես բարձր գնահատվեց և նա նշանակվեց նախարար։

Որքան հասկանում եք, շարքն անվերջ է՝ պատգամավորներ, նախարարներ…»,- գրել է Իշխանյանը: