2020-ի նոյեմբերի 9-ին, Արցախյան երրորդ պատերազմի խայտառակ արդյունքները վավերացնող եռակողմ համաձայնագրի ստորագրման օրը, Հայաստանի՝ Նախիջևանին հարող սահմանագծում ադրբեջանական զինուժը խոցեց ռուսական МИ-24 ինքնաթիռը։ Զոhվեց անձնակազմի երկու անդամ, մեկը ծանր վիրավորվեց։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Եղածը որակելով պատահականության արդյունք՝ Ադրբեջանը շտապեց վայրկյան առաջ ներողություն խնդրել՝ պարտավորվելով ամբողջապես փոխհատուցել նյութական վնասը։ Իր հերթին ռուսական կողմը հարուցեց քրեական գործ, որն արդեն հունվարին ամսին վերաորակվեց որպես դիտավորությամբ սպանություն, ինչը նախատեսում է ընդհուպ ցմահ ազատազրկում։

Անցել է ինն ամիս, սակայն մինչ այսօր ոչինչ հայտնի չէ այդ քրեական գործից, մինչդեռ այս ընթացքում ադրբեջանական դատարաններն իրար հետևից նտացածին գործերով հայ ռազմագերիներին դատապարտում են երկար տարիների ազատազրկման։ Այսօրվա դրությամբ զոհ է դարձել ավելի քան 30 ռազմագերի։ Ընդ որում հետաքրքրականն այն է, որ դատապարտվածները գերության են վերցվել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, որի երաշխավորը Ռուսաստանն է։

Փոքրիկ հիշեցում մեր ռազմավարական դաշնակցին՝ եթե մոռացել է МИ-24-ի անձնակազմի սպանության մասին, գրեթե համանման մի դեպք էլ եղել է ոչ վաղ անցյալում, երբ թուրքական օդուժը սիրիական երկնքում խփեց ռուսական СУ-24М-ը, իսկ միջազգային ահաբեկիչներն օդում ցուցադրաբար գնդակահարեցին օդաչուին։ Էլ չենք խոսում Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանին ցուցահանդեսի բացման ժամանակ սպանելու մասին։

Չքննարկենք ռուսական կողմի հիշողության մթագնման դեպքերը, բայց և չմոռանանք հանրահայտ լրագրող, հայ ազգի մեծ բարեկամ Վլադիմիր Սոլովյովի այս մի ասածը․ «Ի՞նչ հարգանք կարող է լինել մեր նկատմամբ, երբ չենք պաշտպանում մեր դաշնակցի շահերը»։ Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ եթե Ռուսաստանն ունակ չէ պատժելու իր զինվորին, դեսպանին սպանողներին ու նրանց հետևում գտնվող ուժերին, ապա ինչպե՞ս կարող է պաշտպանել իր դաշնակից Հայաստանին և ռուսական կողմնորոշում ունեցող ուժերին։