Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Լիտվայի իշխանություններին սրիկա է անվանել՝ նշելով, որ անօրինական ներգաղթյալների հետ կապված իրավիճակն Արեւմուտքի համար մեթոդ է Բելառուսի վրա ճնշում գործադրելու համար, հաղորդում է «Սպուտնիկ Բելառուս»-ը:

Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսի արեւմտյան սահմաններին վերջին իրադարձությունները մտահոգիչ են:

«Նրանք վերադարձել են շանտաժի լեզվին եւ հասել ուժային սպառնալիքի»,-ասել է նա:

Լուկաշենկոն նման սպառնալիքների օրինակ է բերել: Դրանցից մեկն այն է, որ անօրինական ներգաղթյալները կարող են կենտրոնանալ պաշտոնական անցակետերում, օրինակ, Լիտվայի եւ Բելառուսի միջեւ:

Նա նշել է, որ նման գործողությունները կհանգեցնեն կոնֆլիկտի:

Վերջին շրջանում Լիտվան հայտնում է Բելառուսի հետ սահմանին անօրինական ներգաղթյալների ձերբակալությունների աճի մասին: Երկրի իշխանությունները հուլիսի 2-ին հայտարարել են էքստրեմալ իրավիճակ՝ կապված անօրինական ներգաղթյալների հոսքի հետ: Վերջին տվյալներով՝ տարեսկզբից ավելի քան 4 հազար անօրինական ներգաղթյալ է ձերբակալվել Լիտվայում Բելառուսի հետ սահմանին: