Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղեկացրել է քովիդի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժնի օգտագործման մասին տարեց ֆրանսիացիների եւ այն անձանց համար, ովքեր թույլ առողջություն ունեն։ Ֆրանսիայի նախագահն իր հայտարարությունը տեղադրել է Instagram-ում։

«Ըստ երեւույթին, կպահանջվի պատվաստանյութի երրորդ չափաբաժին թույլ առողջությամբ եւ տարեց մարդկանց համար։ Մենք նման երրորդ պատվաստումն անելու նախապատրաստություն ենք իրականացնում։ Մենք կարող ենք այդ անել աշնան սկզբից»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահն այժմ հանգստանում է իր ամառային նստավայրում՝ Բրեգանսոն ամրոցում, որը գտնվում է միջերկրածովյան ափին։ Այնտեղից Ֆրանսիայի նախագահը շաբաթվա սկզբից ակտիվ շփում է իրականացնում ֆրանսիացիների հետ սոցցանցերում՝ կորոնավիրուսից երկրի պաշտպանության եւ իշխանությունների նոր միջոցառումների թեմայով, որոնք կիրառվելու են այդ առնչությամբ։