«ԵՄ-ն` Երևանի համար. արևային համայնք» ծրագրով շենքերի վերելակները, բակերում նոր անցկացված արտաքին լուսավորության համակարգերը, ինչպես նաև բոլոր հարկերում տեղադրված սենսորային լուսատուները սնվում են արևային ֆոտովոլտային կայաններից: Կանաչ՝ մաքուր, էներգիան կմտնի մայրաքաղաքի 90 շենք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից:

«Առաջին փուլով ընտրված 42 շենքից 32-ում արդեն իսկ տեղադրված են համակարգերը, իսկ 8-ում միացված և աշխատում են: Մնացած 10 շենքում իրականացվում են շինարարական աշխատանքներ»,-նշում է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը:

Ծրագրի բյուջեն 1 մլրդ, 250 հազար եվրո է, որից 1 մլրդը Եվրամիությունը տրամադրում է որպես դրամաշնորհ: Բնակիչներին համակարգը տրամադրվում է անվճար: Բացի այդ, ծրագրի իրականացման շնորհիվ 50 տոկոսով նվազելու է վերելակի էլեկտրաէներգիայի համար վճավող գումարը:

«Շենքերից յուրաքանչյուրի համար ստեղծվել են նպատակային բանկային հաշիվներ, որոնցում կուտակվելու են բնակիչներից գանձված գումարները և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին վաճառված էլեկտրաէներգիայից գոյացած եկամուտը: Նշեմ, որ կուտակված գումարը կուղղվի նվիրաբերված համակարգերի սպասարկմանը և բնակիչների որոշմամբ շենքերում էներգախնայողության միջոցառումների իրականացմանը»,-մանրամասնում է քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ենթակառուցվածքային ծրագրերի բաժնի պետ Նարինե Աբելյանը:

Շենքերն ընտրվել են վարչական բոլոր շրջաններից, բացառությամբ Նորք Մարաշի, որտեղ բազմաբնակարաններ բնակելի հին շենքեր պարզապես չկան: Ընտրությունն անելիս, տեխնիկական չափորոշիչներից զատ, հաշվի է առնվել նաև սոցիալական բաղադրիչը:

«Ծրագրում ընդգրկված շենքերի անապահով ընտանիքներին կտրվեն էներգախնայող լուսատուներ (1750 հատ), որպեսզի նրանք էլ նվազեցնեն իրենց բնակարանի էլեկտրաէներգիայի ծախսը: Ծրագրի իրականացման շնորհիվ բազմաբնակարան շենքերի շուրջ 25 920 բնակիչ կապրի ավելի հարմարավետ պայմաններում և կունենա էլեկտրաէներգիայի ավելի փոքր վճար»,-ընդգծում է Սերգեյ Ներսեսյանը:

Արևային կայանները շահագործման հանձնելուց հետո նվիրաբերվում են բնակիչներին: Ծրագրի շնորհիվ ընդհանուր օգտագործման տարածքներում բնակիչները կունենան անխափան էլեկտրամատակարարում:

Եվրոպական Միության աջակցությամբ՝ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում, իրականացվող ծրագիրն իր տեսակով առաջինն է քաղաքում, որը հետագայում կարող է օրինակ դառնալ: