Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են, որպեսզի երկու երկրների քաղաքացիները պատվաստման մասին փաստաթղթի առկայության դեպքում անարգել մուտք գործեն միմյանց տարածքներ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Առողջապահության նախարարությունից:

Ներկայացնում ենք NEWS.am-ի հարցումն ու դրա պատասխանը:

«Հարց. Արդյո՞ք իշխանությունն՝ ի դեմս առողջապահության նախարարության, մտադիր է բանակցություններ սկսել ռուսական կողմի հետ՝ երկու երկրների պատվաստված քաղաքացիների՝ պատվաստման մասին էլեկտրոնային կամ թղթային կրիչով սերտիֆիկատների հիման վրա ՌԴ եւ ՀՀ անխոչընդոտ մուտքի մասին համաձայնագրի հասնելու հետ կապված: Դա կազատի ՊՇՌ-թեստերի հավելյալ ծախսերից ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ աշխատանքային միգրանտներին, ինչպես նաեւ կնպաստի կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի ճանաչելիությանը»:

Պատասխան. Ձեր հուլիսի 30-ի հարցման կապակցությամբ, հայտնում եմ, որ ձեր կողմից բարձրացված  հարցի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բանակցություններն արդեն  մեկնարկել են եւ ընթացքի մեջ են»: