«Պատիվ ունեմ» դաշինքում ես վստահ եմ, որ չկան մարդիկ, որոնք դեմ են քվեարկում կամ անվավեր են սարքում քվեաթերթիկը, հուսով եմ, որ նման մարդիկ չկան նաեւ «Հայաստան» խմբակցությունում: Այս մասին, այսօր՝ օգոսստոսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով նրան, որ արդեն երկրորդ անգամ Իշխան Սաղաթելյանը չի ընտրվում ԱԺ փոխխոսնակ:

«Կարող եմ նաեւ վստահությամբ ասել, որ չկան այդպիսի մարդիկ: Երրորդ փոխնախագահ ընտրելու պարտականությունը իշխանությանն է, իշխանության բեռն է: Եթե իշխանություններն ուզում են, որ ԱԺ-ն ձեւավորվի, եւ անցնի բնականոն աշխատանքի, թող ապահովեն ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածուի ընտրությունը»,-ասաց նա:

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը երկրորդ քվեարկությունից հետո կրկին չընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ։

Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր։ Սաղաթելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ 49. անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ։

Առաջին ընտրության ժամանակ Իշխան Սաղաթելյանի օգտին քվեարկել էր 53 պատգամավոր եւ ընդամենը մեկ ձայն չէր բավականացրել ընտրվելու համար:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունից Դավիթ Սեդրակյանը (Մհեր Սեդրակյանի որդին - խմբ), հարգելի պատճառներով բացակայում էր նիստից:

Հիշեցնենք նաեւ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իշխող ուժն ապահովելու է անհրաժեշտ նվազագույն ձայները, որպեսզի Սաղաթելյանն ընտրվի այդ պաշտոնում։ Սակայն, ինչպես տեսանք, մեկ ձայնի պատճառով, Սաղաթելյանին չհաջողվեց ընտրվել այդ պաշտոնում։