Օգոստոսի 3-ի երեկոյան ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները տեղեկություն ստացան, որ Վերին Ծաղկավան գյուղի մի բնակիչ տանն ապօրինի զենք է պահում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք 44-ամյա տղամարդու առանձնատան շքամուտքում հայտնաբերեցին ապօրինի պահվող «ԻԺ» հրացան ու փամփուշտներ։ Տանտիրոջ հայտնածով՝ հրացանը հանգուցյալ պապինն էր։ Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչություն՝ փորձաքննության: Դեպքի առթիվ Տավուշի բաժնում  նյութեր են նախապատրաստվում: