Երկու օր շարունակվող հորդառատ անձրեւների պատճառով Կոմո լճում ջրի մակարդակը բարձրացել է 20 սանտիմետրով: Արդյունքում մի քանի փողոց եւ Միլանի մերձակայքում գտնվող համանուն քաղաքի գետափը հեղեղվել են, հայտնում է Rai News 24-ը:

Հեռուստաալիքի տվյալներով` փրկարարական ջոկատները տասնյակ անգամներ կանչվել են աղետի հետեւանքները վերացնելու համար: Բացի այդ, Լոմբարդիայում հորդառատ անձրեւները հանգեցրել են Սեւեսո եւ Լուրա գետերի վարարմանը, սակայն, ըստ հեռուստաալիքի, էական նյութական վնասներ չեն գրանցվել:

Անցած հանգստյան օրերին Կոմոյի շրջանում մոլեգնող տարերգի հետեւանքով ծառեր են տապալվել, հորդառատ անձրեւները սողանքների են հանգեցրել: Repubblica թերթի փոխանցմամբ՝ ամերիկացի դերասան Ջորջ Քլունին, ում պատկանում է Կոմո լճի Օլեանդրա վիլլան, մտադիր է դրամահավաք կազմակերպոլ` տուժած շրջանների բնակիչներին աջակցելու համար: