Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման իրականացման խնդիրներից մեկը միջազգային-իրավական ձեւակերպումների բացակայությունն է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տպագրության եւ տեղեկատվության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը:

Նա նշել է, որ Ռուսաստանին լրջորեն մտահոգում են վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում զինված միջադեպերը:

«Հատկապես տագնապալի է այն, որ դրանք ուղեկցվում են երկու կողմից զոհերով: Ցավոք, չնայած նրան, որ քայլեր են ձեռնարկվել, սահմանին լարվածությունը դեռ չի նվազում: Այդ կապակցությամբ կողմերին կոչ եմ անում խուսափել գործողություններին, որոնք հղի են հետագա լարվածությամբ: Բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ դիվանագիտական ճանապարհով: Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս ներդրում ունենալ հայ-ադրբեջանական սահմանին  իրավիճակի կարգավորման հարցում»,-ասել է նա: