Սոցիալական ցանցերի թուրք աստղը կարող է հայտնվել դատապարտյալի աթոռին՝ Ամստերդամի աշխարհահռչակ Սեքսի թանգարանից «հումորային» լուսանկարներ տեղադրելու համար, հայտնում է BBC-ն:

23-ամյա Մերվե Թասքինը տեղադրել է սեքս-խաղալիքների լուսանկարներ, որոնք անցած տարվա հունվարին իր ծննդյան տարեդարձի կապակցությամբ Նիդեռլանդներ կատարած այցի ժամանակ գնել է թանգարանից:

Մի քանի ամիս անց նա ձերբակալվել է Թուրքիայում, որտեղ անպարկեշտ բովանդակություն տարածելը հանցագործություն է համարվում: Այժմ նրան կանչել են դատարան՝ անպարկեշտության մեղադրանքով:

Թուրքական օրենսդրության համաձայն՝ անպարկեշտ նյութեր տեղադրող ցանկացած անձ կարող է տուգանվել կամ դատապարտվել մինչեւ երեք տարի ժամկետով ազատազրկման: