Իսրայելը աշխարհին «մեծ ծառայություն» է մատուցում՝ Covid-ի դեմ ռեվակցինացիա անելով, չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մորատորիումի կոչին: Այս մասին հայտարարել է վարչապետ Նաֆթալի Բեննեթը, փոխանցում է AFP-ն:

Իսրայելի 9,3 միլիոն բնակիչների գրեթե 60 տոկոսը ստացել է երկու պատվաստում, հիմնականում՝ Pfizer/BioNTech-ի պատվաստանյութով, իսկ կառավարությունը վերջերս 60-ից բարձր տարիքի համար մտցրել է երրորդ պատվաստումը:

ԱՀԿ-ն կոչ է արել մինչեւ սեպտեմբերի վերջը մորատորիում կիրառել ռեվակցինացիայի համար՝ դոզաների գլոբալ բաշխման անհավասարությունը վերացնելու նպատակով:

Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ԱՀԿ-ն, Բեննեթն ասել է, որ Իսրայելն աշխարհին ծառայություն է մատուցում՝ պատվաստանյութերն իր բնակչության վրա փորձարկելով: «Իսրայելը խթանում է մի բան, որը մեծապես նպաստում է համաշխարհային գիտելիքին»,- ասել ե նա:

Ընդգծելով Իսրայելի բնակչության համեմատաբար ոչ մեծ թվաքանակը՝ նա ասել է, որ այդ ընթացքում ձեռք բերված գիտելիքները «անմիջապես փոխանցվել են ամբողջ աշխարհին»: «Առանց մեզ, աշխարհը չէր իմանա լրացուցիչ պատվաստումների արդյունավետության ճշգրիտ մակարդակները, չէր իմանա, թե որքանով են դրանք ազդում վարակների վրա, ինչպես են դրանք ազդում լուրջ հիվանդությունների վրա»,- ասել է նա: «Այս առումով մենք աշխարհին մեծ ծառայություն ենք մատուցում, եւ աշխարհը շատ ուրախ է, որ մենք պատասխանատվություն ենք ստանձնում այս հարցում»,- ասել է Բեննեթը:

Նրա խոսքերը այն արշավի մի մասն են, որի նպատակն է խրախուսել գրեթե մեկ միլիոն չպատվաստված երիտասարդ իսրայելցիների ստանալ պատվաստանյութը, իսկ տարեցներին` ստանալ «մեծ նվեր»՝ ռեվակցինացիայի տեսքով:

Կիրակի օրվանից Իսրայելում օրական գրանցվում է կորոնավիրուսի միջինը ավելի քան 3000 նոր դեպք, 250 մարդ գտնվում է ծանր վիճակում, սա ամենաբարձր ցուցանիշն է ապրիլից ի վեր: