Թուրքիայի հրդեհները Հայաստանի համար վտանգ չեն ներկայացնում, քանի որ Հայաստան-Թուրքիա սահմանով Արաքս և Ախուրյան գետերն են հոսում, և կրակի տարածման համար հիմքեր չկան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Նրա դիտարկմամբ՝ Թուրքիայում հրդեհներ մշտապես եղել են՝ հիմնականում երկրի արևմուտքում և հարավ-արևմուտքում, որտեղ բավական շատ են անտառային գոտիները, և սա նորություն չէ:

«Այս տարի, պարզապես, Հայաստանում ավելի զգայուն են Թուրքիայի հրդեհների հարցում, քանի որ վերջին պատերազմում Թուրքիան, բացահայտ աջակցելով Ադրբեջանին, անուղղակիորեն ներգրավված է եղել պատերազմում, ինչը հայաստանցիների վրա ակնհայտ բացասակայն ներգործություն է ունեցել, և Թուրքիայում ցանկացած այս կամ այն չափի բնական աղետ Հայաստանում մեծ արձագանք է գտնում:

Ցանկացած տարի լինում են նման հրդեհներ, վերջին 10 տարում շուրջ 100 հազար հա անտառ է այրվել Թուրքիայում, իսկ հրդեհների քանակը նույն ժամանակահատվածում 20 հազարի է հասնում: Այսինքն, սրանք աննախադեպ չեն իրենց ծավալներով, այս պահին ընդամենը 14 օջախ է մնացել, որոնք թուրքական իշխանությունները կարողանում են վերահսկելիության սահմաններում պահել և մարման աշխատանքներ իրականացնել»,- նշեց թուրքագետը:

Իսպիրյանի գնահատմամբ՝ Հայաստանի համար այդ հրդեհները վտանգ չեն ներկայացնում շատ պարզ պատճառով՝ Հայաստան-Թուրքիա սահմանով Արաքս և Ախուրյան գետերն են հոսում:

«Հայաստանին սահմանակից նահանգներում հարուստ բուսականություն չկա, իրատեսական չէ, որ հրդեհը այդ դեպքում անցնի Հայաստանի տարածք: Առավել ևս, որ Թուրքիայի հետ սահմանակից մեր այդ տարածքներն անտառածածկ չեն, իսկ բուսական չորային առկա զանգվածը հրդեհի տարածման հիմք չի կարող լինել»,- նկատեց Իսպիրյանը: