Ես կարծում եմ, որ սրանք անհիմն կիրառված սահմանափակումներ են, որևէ կերպ չեն բխում ՀՀ հասարակության ինստիտուտների, դրանց հանդեպ վստահության շահերից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի ղեկավար Շուշան Դոյդոյանը` անդրադառնալով Ազգային ժողովում լրագրողների նկատմամբ կիրառվող սահմանափակումներին:

«Ընդհակառակը, այսպիսի սահմանափակումներ կատարելով բարեխիղճ էթիկական լրատվության բոլոր կանոններին մշտապես համապատասխան գործող լրագրողի հանդեպ, նշանակում է պատերազմ հայտարարել ամբողջ լրագրողական համայնքին: Ես սա համարում եմ նաև անօրինական միջամտություն և կամայականություն. ինչպես ուզել, այնպես էլ մեկնաբանել են: Այս մասին արդեն տեղկացրել եմ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությանը, որը կազմում է համաշխարհային մամուլի ազատության ինդեքսը և, վստահաբար, լրագրողներին կամայական թողնել-չթողնելու դեպքերը Հայաստանի վարկանիշը ետ են շպրտելու, և դիրքերը նվազելու են համաշխարհային ինդեքսում: Մենք՝ որպես լրագրողներ, չենք կարող անուշադրության մատնել այսպիսի դեպքերը: Սա աննախադեպ իրավիճակ է, երբ առանց լրագրողական համակարգի կարծիքը լսելու փորձում են իրենք իրենց կապրիզները, ցանկությունները իրականացնել որոշումների միջոցով: Որոշումները պետք է քննարկված լինեն համայնքի հետ, նրա շահերը հաշվի պետք է առնված լինեն, ոչ թե ծածուկ, փակ դռների հետևում իրենք-իրենց որոշեն ու պայմաններ թելադրեն լրագրողական համայնքին: Իհարկե, դա ժամանակավոր է, լրագրողական համայնքը մշտապես հասարակության շահերը սպասարկողի դերում է հանդես գալիս և պիտի կարողանա կատարել իր պարտականությունը հասարակությանը տեղեկատվություն տալու հարցում»,- նկատեց նա:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն էլ  NEWS.am-ի հետ զրույցում նկատեց, որ այդ փոփոխությունները հակասում են և՛ ԶԼՄ-ների մասին օրենքին, և՛ Խոսքի ազատության և լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման շուրջ դատարանների կողմից արտահայտված բոլոր իրավական դիրքորոշումներին: 
«Ինձ մոտ տպավորություն է, որ գործող իշխանությունները, ԱԺ ղեկավարությունը անցագրային ռեժիմից ընդհանրապես գաղափար չունի, որովհետև այն, ինչ նրանք փորձել են սահմանել, պետք է սահմանված լինի ԱԺ անցագրային ռեժիմի մասին ինչ-որ որոշման մեջ, որը մի կողմից ստորագրելու է հատուկ պահպանվող մարմինը՝ Ազգային ժողովը, մյուս կողմից՝ Պետական պահպանության ծառայությունը, և դա իրենից ենթադրում է որոշակի գաղտնիություն: Բայց այդ գաղտնիությունը սահմանվում է, պապանվում է այնպես և այնչափ, որ որևէ մեկի իրավունքը չխախտվի՝ լինի լրագրող, թե ցանկացած այլ ֆիզիկական անձ: Ինձ տեղեկացրին, որ Ալեն Սիմոնյանը մեկ այլ փառահեղ որոշում է հեղինակել, որ անգամ խմբակցության ղեկավարները իրավունք չունեն անցաթուղթ իջեցել՝ որևէ անձի մուտքը ապահովելու համար այն օրերին, երբ Ազգային ժողովում տեղի է ունենում նիստ: Դեռ ԱԺ այդ որոշումներին չեմ ծանոթացել, բայց դրանք, անկասկած, քննարկման առարկա են դառնալու բոլոր կոմպետենտ մարմիններում՝ մինչև Վարչական դատարան»,- նշեց Հայրապետյանը:
Նրա գնահատմամբ՝ Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ արգելելու դեպքը, ըստ էության, հանցագործություն է, որը սահմանվում է Քրեական օրենսգրքով՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը ոչ իրավաչափ միջամտություններ: 
«Նախ, եթե խոսքը վերաբերում է այն լուսանկարներին, որտեղ Լիլիան Գալստյանը ֆիքսել է, որ Ազգային ժողովի մուտքի մոտ ԱԱԾ 6 աշխատակից հսկում են 1 մուտքը, ապա պետք է հիասթափեցնեմ նրանց, որ տվյալ սահմանափակման մասին տեղեկությունը լրագրողներին փոխանցվել է ավելի ուշ, քան լուսանկարների հրապարակումն է եղել: Այսինքն, անգամ այս կողմից ԱԺ աժպատակազմը հակասում է ինքն իրեն: Բազմաթիվ հրապրակումներ են եղել այս մասին, կա՛մ դատախազությունը, օգտվելով Քրեական օրենսգրքով իրեն տրված հնարավորությունից, պիտի այդ ամենը դիտարկի երպես հաղորդում հանցագործության մասին, հարուցի քրեական գործ, նյութեր նախապատրաստի, Լիլիանին ներգրավի որպես տուժող և համապատասխան գործողություններ ձեռնարկի՝ հասկանալու համար, թե ով է ոչ օրինաչափ միջամտել լրագրողի մասնագիտական գործունեությանը: Հակառակ դեպքում, եթե ոչ մի բան էլ չգտնեն, պետք է ապացուցեն, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի գլխավոր քարտուղարի տեղակալ ոմն Աննա Գրիգորյանը այդ որոշումը գրելիս եղել է աֆեկտի վիճակում և չի գիտակցել՝ ինչ է գրում այդ թղթի մեջ: Լիլիանը իրականացրել է ԶԼՄ մասին օրենքով իրեն վերապահված գործառույթները և դա իրականացրել է լրիվ օրինական և իրավական դաշտում»,- շեշտում է իրավաբանը: 
Լուսանկարչին թիրախ դարձնելը, Հայրապետյանի խոսքով, երևի պայմանավորված է նրանով, որ իշխանության համար, նրա դիտարկմամբ, անհարմար կադրեր է ֆիքսել:
«Օրինակ՝ Արսեն Թորոսյանի ննջած վիճակը, ՊՊԾ ծառայողների ակնհայտ բազմությունը, ովքեր հսկում են բացառիկ անձեռնմխելիությամբ օժտված անձանց մուտքը սեփական աշխատավայրի տարածք: Երևի հույս են ունեցել, որ այդ ամենը չի հանրայնացվի և չի հարուցի հանրության դժգոհությունը, բայց արի ու տես, որ այդ անհարմար պահերը ֆիքսվել են: Սա կոնկրետ գիծ է, որովհետև նույն գործելաոճը նրանք կիրառեցին «Yerevan Today»-ի լրագրող Սյուզի Բադոյանի նկատմամբ, որովհետև նա նույնպես անհարմար հարցեր էր տալիս: Եթե նրանք որդեգրել են այս քաղաքականությունը, և սա նրանք մարսեն, նույնը տեղի է ունենալու մնացած լրագրողների նկատմամբ»,- նշեց Հայրապետյանը: