«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում իսկական խառնաշփոթ էր. իշխանությունն ու ընդդիմությունը ԱԺ 3-րդ փոխնախագահին էին ընտրում, սակայն այդպես էլ չէր ստացվում: «Հայաստան» խմբակցությունից առաջադրված ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանին ընդդիմությունը երկու անգամ առաջադրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում, սակայն երկու անգամ էլ Սաղաթելյանը չընտրվեց:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ «Հայաստան» խմբակցությունը իշխանությունից 22 ձայն է պահանջել, որպեսզի երկու ընդդիմադիր ֆրակցիաների պատգամավորների թվի հետ միասին Սաղաթելյանը կարողանա 54 ձայն ստանալ:

Իշխանության պատգամավորները երեկ ամբիոնից կոկորդ պատռելով հավաստիացնում էին, որ իրենք իրենց խոստացածը կատարել են, ավելին՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անձամբ է զանգահարել գործընկերներին եւ ուղղորդել քվեարկության՝ հորդորելով՝ 1-22 համարների պատգամավորները մեկ մարդու նման Սաղաթելյանին ընտրեն։

Իշխանության մի հատվածն այն կարծիքին է, որ սա իշխանության պատիժն է Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությանը, որ խորհրդարանում օր ու արեւ չի տալու իշխանությանը:

Սակայն, մյուս կողմից, իշխանությունը տեսակետ էր շրջանառում, թե դաշնակցական Սաղաթելյանին չի ընտրում «Պատիվ ունեմ» խմբակցությունը, քանի որ այդ պաշտոնը պետք է տրվեր իրենց, այլ ոչ թե «Հայաստան» խմբակցությանը: Երրորդ վարկածի համաձայն՝ «Հայաստան» խմբակցության ներսի խմորումների հետեւանք են Սաղաթելյանի քվեարկության ճակատագրական անվավեր քվեաթերթիկները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում