Կորոնավիրուսի օրական դրական դեպքերի թիվը դանդաղ, բայց աճ է գրանցում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահի դրությամբ իրականացրել ենք 190 036 պատվաստում, որից միայն երեկ կատարվել է 6188 պատվաստում: Պատվաստման տեմպի բավական լավ առաջընթաց ունենք, բայց պետք է շարունակական աշխատենք հնարավորինս կարճ ժամանակահատվածում իրականացնել պատվաստումները երկրում:

Անցած շաբաթ սեգմենտավորել էինք շրջանառվող շտամները եւ 30 նմուշառված դեպքերից ունեինք 25 դելտա շտամի առկայություն եւ 5 բրիտանական շտամի առկայություն: Դելտա շտամը աչքի է ընկնում տարածելիության բարձր մակարդակով»,-ասաց նա:

Նախարարի խոսքով, հուլիսի 15-ից մինչեւ օգոստոսի 4-ը պատվաստվել է 58 108 անձ, որոնցից 56 010-ը եղել են ՀՀ քաղաքացիներ եւ միայն 2096-ը՝ օտարեկրացիներ: