Google-ի, Facebook-ի եւ նմանատիպ ընկերությունների օնլայն ծառայություններ մատուցողները այսուհետ հնարավորություն կունենան ավելացված արժեքի հարկի գծով առաջացող պարտավորությունները հայտարարագրել եւ վճարել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով հարկային օրենսգրքի նոր փոփոխությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Խոսքն այն մասին է, որ մենք էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները պետք է հարկենք, ինչպես անում են աշխարհի առաջատար երկրները: Հարցը հետեւյալն է. Facebook, Google եւ ընդհանրապես ինտերնետային դաշտում եթե օրինակ բացում ենք նաեւ օտարերկրյա կայքեր, տեսնում ենք, որ այդ կայքերում հայկական ընկերությունների գովազդներ են տեղադրված: Բնականաբար, այդ ընկերությունները դրա համար վճարվում են: Եթե նմանատիպ գործարքներ տեղի են ունենում ՀՀ-ում գրանցված ընկերությունների դեպքում, առաջանում են հարկային պարտավորություններ՝ ծառայությունը մատուցողի համար: Խնդիր ունենք, որ այս հարթակներում այդ գովազդներից մենք հարկեր չենք կարողանում գեներացնել: Հարցն այն է, թե ինչպես հաշվառել այդ գործընթացը: Նա հավելեց, որ եթե, օրինակ, facebook-ում ինչ-ո բան են գրում sponsored-ի ներքո, ապա հարկվելու է:

ՊԵԿ նախագահը հստակեցրեց, որ խոսքը բացառապես ֆիզիկական անձանց կողմից մատուցվող ծառայությունների մասին է, կազմակերպությունների դեպքում հարցը կարգավորված է: Կառավարությունը սահմանելու է ծառայությունների ցանկը, որոնք այս հարկման ծառայության տակ ընկնում են:

Նիկոլ Փաշինյանն էլ ժպտալով ասաց. «Էս մի քիչ շուտ անեինք, ընտրությունների ժամանակ ահագին հարկ կգեներացվեր, չէ՞»:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով, այս կարգավորումը ոչ միայն լրացուցիչ հարկային մուտքեր ապահովելուն է ուղղված, այլ մրցակցային պայմանները հավասարեցնելուն. «Մեր հաշվարկներով ամենաքիչը 20 մլն դրամ լրացուցիչ հարկ կհավաքվի: Օրինակ, Յանդեքս տաքսին այս օրենքը ուժի մեջ մտնելուց հետո առնվազն 1 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկ կվճարի եւ կհավասարվի GG տաքսիին»,-ասաց նա: