ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը հերթական անգամ վերազանցել է լիազորությունները այդպիսով կատարելով ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարք, այն է՝ հանցագործություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» Կուսակցությոան Խորհրդի անդամ, ԱԺ Նախկին Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու վերաբերյալ ԱԺ որոշմանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մասնավորապես, Աշխատակազմն արգելել է լրատվամիջոցի հավատարմագրված ներկայացուցիչ Լիլիան Գալստյանի մուտքը ՀՀ Ազգային ժողովի տարածք։ Որպես արգելելու հիմնավորում Աշխատակազմը նշել է, թե իբր Լիլիան Գալստյանը լուսանկարահանել է այնպիսի օբյեկտներ և սուբյեկտների, որոնց լուսանկարահանելն արգելված է։

Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգն ու այլ իրավական ակտերն Աշխատակազմին չեն լիազորում լրատվամիջոցի ներկայացուցչի մուտքի արգելում, ավելին՝ նույն կարգն արգելում է Աշխատակազմին որևէ կերպ խոչընդոտել կամ միջամտել լրատվամիջոցի ներկայացչի գործունեությանը։ Իսկ համաձայն Սահմանադրության՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Այսինքն՝ եթե նրանք կատարում են այնպիսի արարք, որի համար լիազորված չեն, ապա թույլ են տալիս պաշտոնեական լիազորությունների անցում կամ չարաշահում։

Աշխատակազմի կողմից նշված խախտումների հիմքով, եթե Աշխատակազմն այն կարողանա հիմնավորել (ապացույցներ դրանց մասին և այլն), Աշխատակազմն իրավունք ունի կատարելու իրար պարտադիր հաջորդող երկու գործողություն. 1) գրավոր նախազգուշացնել լրատվական գործունեություն իրականացնող անձին, որի անունից հավատարմագրվել է լրագրողը (ներկայացուցիչը), 2) որից հետո միայն իրավունք կունենա վաղաժամկետ դադարեցնելու լրագրողի հավատարմագրումը»,-գրել է «Հայրենիք» Կուսակցությոան Խորհրդի անդամ ՝ Արսեն Բաբայանը։

Նա նաև հորդորոլ է ՀՀ գլխավոր դատախազությանը,հիմք ընդունել օրենգսրքի 164-րդ և 309-րդ հոդվածները և հարուցել քրեական գործ»: