ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ չգիտի իրեն նվիրած վիսկիի գտնվելու վայրը, որն այժմ փնտրում է Պետդեպարտամենտը, ինչի կապակցությամբ նա հիշատակել է «ոչ կոմպետենտության» մասին Ամերիկայի արտաքին գործերի նախարարությունում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պետդեպարտամենտը վիսկիի շիշ է փնտրում, որը 2019-ին հանձնվել էր այն ժամանակվա պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Պետդեպի արարողակարգային բաժինը տարեկան զեկույցում նշել է, որ Ճապոնիայից 5.8 հազար դոլար արժողությամբ վիսկի է նվեր ստացվել: Ըստ ամերիկյան օրենքի՝ Պոմպեոն չէր կարող այն ընդունել՝ ինչպես եւ 390 դոլարից ավելի թանկ մյուս նվերները:

«Վիսկիի անհետացած շշի հետ կապված մի հիանալի դեպք... Տեսեք՝ մի քանի փաստ: Ես պատկերացում չունեմ շշի գտնվելու վայրի մասին: Ենթադրում եմ, որ դրան նույնիսկ չեն դիպչել: Ինձ մոտ այն չի հայտնվել: Ես գաղափար չունեմ, թե ինչպես է Պետդեպը կորցրել այդ իրը՝ չնայած ես այնտեղ գտնվելու ընթացքում անհավատալի ոչ կոմպետենտության եմ բախվել Պետդեպարտամենտում»,- ասել է Պոմպեոն Fox News-ին տված հարցազրույցում:

Կորած շիշը տարեկան զեկույցում նշված վիսկիի ամենաթանկ շիշը չէ: Օրինակ, այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Մեթ Փոթթինգերը Ճապոնիայի իշխանություններից 8374 դոլար արժողությամբ վիսկի էր ստացել, սակայն այդ շշի գտնվելու վայրը հայտնի է, իսկ թե ուր այն ուղարկել, դեռ որոշվում է:

Նախագահ Թրամփը 2019 թվականին 120.000 ԱՄՆ դոլարի օտարերկրյա նվերներ է ստացել, մինչդեռ Ավստրալիայի, Եգիպտոսի եւ Վիետնամի առաջնորդները նրան իր իսկ դիմանկարներն են նվիրել: Պոմպեոն վիսկիից բացի ստացել է նաեւ այլ նվերներ, այդ թվում՝ Ուզբեկստանից եւ ԱՄԷ-ից 20.000 դոլար արժողությամբ գորգեր, սակայն այդ նվերներն ուղարկվել են ԱՄՆ տարբեր հաստատություններ: