Ցանկանում եմ տեղեկացնել, որ օրերս «Կանաչ Ռուսաստան» համառուսաստանյան բնապահպանական շարժման նախագահ, «Հաղթանակի անտառ» նախագծի հեղինակ Կոնստանտին Կուրչենկովի հետ այցելել ենք շինհրապարակ, ներկայացրել եմ նախագծի գաղափարը, ծանոթացրել կատարվող աշխատանքին, և որոշել ենք համագործակցության սկիզբ դնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը։

Հիշեցնեմ, որ հունիսին մեկնարկել էինք «Հավերժության այգու» կառուցման աշխատանքները, որտեղ պատերազմում զոհված մեր քաջ հերոսների հարազատները կարող են անվանական պտղատու ծառ տնկել և բերք ստանալ: Սա մի յուրատեսակ վայր կլինի նաև այն մարդկանց համար, ովքեր Եռաբլուր այցից հետո կլինեն նաև այս այգում և մեկ տեղում կկարդան մեր բոլոր հերոսների անունները:

Այգին հիմնվում է Երևանից Ապարան տանող ճանապարհին` Տառերի պուրակի և Սուրբ խաչի մոտ, որտեղ կառուցում եմ նաև ապակեպատ եկեղեցի։ Այգին, իր հատակագծով, կունենա հավերժության սիմվոլի տեսքը։