Ոչ ոք չի սահմանափակում լրագրողների՝ խորհրդարանում տեղաշարժվելու ազատությունը: Այս մասին օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Նա հավելեց, որ, այնուամենայնիվ, խորհրդարանում լրագրողների աշխատանքը պետք է կանոնակարգվի: «Խորհրդարանում անվտանգության միջոցառումների խստացման մեջ քաղաքական ենթատեքստ չկա: Այս որոշումը կայացվել է Պետական ​​անվտանգության ծառայության եւ Ազգային ժողովի ապարատի կողմից»,- վստահեցրեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ այժմ Հայաստանում ԶԼՄ-ներն ազատ են, ինչպես երբեք, եւ լրագրողները տեղեկատվության հասանելիության հետ կապված խնդիրներ չունեն եւ չեն ունենա:

Խանդանյանը հույս հայտնեց, որ իր հայտարարությունը, որն այսօր հրապարակվել է թերթերից մեկում, որպես կատակ է ընկալվել: «Ես լրագրողներին ահաբեկիչների հետ համեմատելու նպատակ  չեմ հետապնդում: Կան մարդիկ, ովքեր զբաղվում են լրագրողական գործունեությամբ, բայց չեն պահպանում լրագրողական էթիկան, ինչն ազդում է նաեւ նրանց վրա, ովքեր պատշաճ կատարում են իրենց պարտականությունները: Ես ինքս լրագրող եմ եղել եւ չեմ կարող դեմ լինել լրագրողներին»,- ասաց նա:

Անդրադառնալով օրերս լրագրողի մուտքը խորհրդարան սահմանափակելու դեպքին՝ պատգամավորը վստահեցրեց, որ հետեւողականորեն կզբաղվի այս հարցով:

Սարգիս Խանդանյանը հիշեցրեց, որ միջադեպը տեղի է ունեցել 8 տարի առաջ, երբ գազի հարցի քննարկման ժամանակ ինքը մտել էր ԱԺ նիստերի դահլիճ եւ այնտեղ ակցիա անցկացրել: «Ես այդ ժամանակ արտահայտում էի իմ դիրքորոշումը որպես քաղաքացի: Եթե ​​այն ժամանակ ԱԺ աշխատակազմը որոշեր, որ ես խախտել եմ սահմանված կանոնները եւ ինձ զրկեր հավատարմագրումից, ապա ես կառաջնորդվեի այդ որոշմամբ»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5 -ին Panorama.am լրատվական կայքի ֆոտոլրագրող Լիլիան Գալստյանին արգելվել էր մտնել խորհրդարան եւ լուսաբանել Հայաստանի Ազգային ժողովի աշխատանքը: Ըստ խորհրդարանի ապարատի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանի՝ Գալստյանը «խախտել է այն կանոնները, որոնց համաձայն արգելվում է պահպանվող օբյեկտի տարածքում լուսանկարել անվտանգության աշխատակիցներին»:

Նշենք, որ լրագրողական կազմակերպությունները դատապարտել են լրագրողների նկատմամբ անհիմն սահմանափակումները եւ պահանջել անհապաղ վերականգնել ֆոտոլրագրող Լիլիան Գալստյանի՝ խորհրդարան մուտք գործելու եւ Ազգային ժողովի աշխատանքը լուսաբանելու իրավունքը: