ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Ինչպես եւ անցած անգամ, այս անգամ եւս պատճառը Արմեն Գեւորգյանի բացակայությունն էր: Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը:

Ավելին, «Հայաստան» խմբակցության որոշմամբ Գեւորգյանը խորհրդարանական հանձնաժողովի նախագահի թեկնածու է:

Հանձնաժողովների նախագահների թեկնածության քննարկումը սկսվել է օգոստոսի 9-ին եւ շարունակվում է: Այդ պատճառով փաստաբանը խնդրեց հարգելի համարել Գեւորգյանի բացակայությունը: Նա նաեւ տեղեկացրեց պատգամավորների անձեռնմեխելիության հարցով ՍԴ դիմելու մասին:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հետաքրքրվեց, թե արդյոք Գեւորգյանը տեղյակ է եղել, երբ կայացել է հանձնաժողովի նախագահների հարցի քննարկումը, արդյոք Գեւորգյանը փորձել է ԱԺ-ին տեղեկացնել դատական նիստի մասին եւ հետաձգել իր ելույժը ԱԺ-ում:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հիշեցրեց, որ ԱԺ-ն նիստ ամեն շաբաթ չի անցկացվում: Փաստաբանը փորձեց դատարանին առաջարկել քննարկել միջնորդությունը, սակայն դատարանը համարեց, որ Գեւորգյանի բացակայությունը նիստի շարունակման համար խոչընդոտ է:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ Գեւորգյանի բացակայությունը հարգելի չէ: Դատարանը հաստատեց, որ առաջին բացակայությունը չի դիտարկվել որպես ոչ հարգելի: Սակայն նման պահվածը դատարանն անհարգալից է համարում:

Այդ պահին Պետրոսյանը պահանջեց Գեւորգյանի նկատմամբ սանկցիա կիրառել: Փաստաբանը հիշեցրեց, որ դա անհնար է ՝ հաշվի առնելով պատգամավորի անձնեռնմխելիությունը:

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ դատախազի առաջարկն այլ նպատակներ է հետապնդում, եւ ամենեւին չի ապահովում նիստի անցկացումը:

«Բոլորի համար պարզ է, որ պարոն Գեւորգյանն այն բանից հետո, երբ դատարանը նրա բացակայությունն անհարգալից գնահատի, կփորձի կամ գալ կամ հիմքեր ներկայացնել: Դատախազի նպատակն է ճնշում գործադրել պարոն Գեւորգյանի վրա»,-նշեց Ալումյանը:

Այդ հարցի շուրջ կողմերը սկսեցին վիճաբանել: Դատախազի կարծիքով՝ բերման ենթարկելը չի նշանակում ազատազրկում, համապատասխանաբար, խորհրդարանի միջամտություն պետք չէ:

Փաստաբան Ալեքսանյանն այդ տեսակետը չկիսեց՝ հիշեցնելով, որ բերման ենթարկում, թեկուզ ժամանակավոր, նշանակում է ազատազրկում:

Լսելով կարծիքները՝ դատավորը վճռեց բերման ենթարկել Գեւորգյանին հաջորդ նիստին: Հաջորդ նիստը կանցկացվի օգոստոսի 17-ին ժամը 13:00-ին: